Արտակարգ դրությունը կարող է ձգվել մինչև մեկ տարի. Արարատ Միրզոյան

Արտակարգ դրությունը Հայաստանում ու աշխարհում կարող է ձգվել մինչև մեկ տարի։ Այս հայտարարությունն այսօր ԱԺ նիստում հնչեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Արտակարգ դրությունը կարող է երկարել մի քանի ամիս, անգամ կարծիքներ կան, որ մինչև մեկ տարի կարող է երկարել։

Մենք այդ ընթացքում չենք կարող չաշխատել ու մեր օրենսդրական գործունեությունը չիրականացնել»,- ասաց Միրզոյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ՝ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու առաջարկին։

Մարուքյանն առաջարկեց քաղաքական պայմանավորվածության գալ, չգրանցվել, քվորում չապահովել ու չեղարկել նիստը։

«Մենք մարդկանց ասում ենք՝ մնացեք տանը, բայց մենք վատ օրինակ ենք ծառայում։

Ես կարծում եմ մենք այստեղ 130 հոգով հավաքվելով ու մեր աշխատողներին այստեղ հրավիրելով, վատ օրինակ ենք ծառայում։

Գալիս ենք առանց դիմակների, սոցիալական հեռավորություն չենք պահպանում, բոլորս նույն ամբիոնից խոսում ենք, բոլորս նույն միկրոֆոններն ու դռների բռնակները»,- ասաց Մարուքյանը։

Արարատ Միրզոյանը, սակայն, այս դիտարկմանը չհամաձայնեց՝ պնդելով, որ իրենց աշխատանքը դրական օրինակ է։

«Կյանքը շարունակվում է, և ես կարծում եմ` մենք հենց որպես օրինակ ոչ թե պիտի նստենք տանը, այլ պիտի աշխատենք»,- ասաց նա։

Միրզոյանը շեշտեց, որ օրակարգում ընդգրկվել են բացառապես ամենաառաջնային համարված 25 հարցերը։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս կողմ էր խորհրդարանի աշխատանքը շարունակելու առաջարկին։

Արդյունքում օրակարգը հաստատվեց 113 կողմ ձայնով, և խորհրդարանը սկսեց աշխատանքը։

 

(Visited 3 446 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: