Քոչարյան Ռոբերտ, կյանքը հավերժ չէ, բոլորս էլ գնալու ենք։ Ամբողջ հարցն այն է, թե ինչը և ինչպես են հիշելու, հայհոյելու՞ են, թե ողորմի են տալու մեզ

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Հզոր ընդդիմադիր ուժեր են միավորվում, որոնք մարտահրավեր են նետելու նոր Հայաստանի իշխանություններին։ Սա ասել է Քոչարյան Ռոբերտը։
Չեմ ասում` մեկը լիներ, հարցներ։ Ե’ս եմ հարցնում` այդ ո՞ր « հզոր » ուժերն են, գուցե ասե՞ս, մենք էլ` ժողովուրդը, իմանանք։ Թե չէ, օդում քամի անելու նման բան է ստացվում։ Իսկ եթե « հզոր ուժ » անվանում ես վուվուզելներով` դատարանի պատերի տակ հավաքված պիցցա ուտողներին, ուրեմն ողբամ քեզ, որ մնացել ես ծախու խաժամուժի հույսին։ Թե՞, նույնիսկ 4% չստացած հանրապետականներդ ու դաշնակներդ են /խոսքս չի վերաբերում մաքուր ու միամիտ, գաղափարական դաշնակցականներին/, պատեհապաշտ բարգավաճողներդ ու լուսավորներդ` ադեկվաԴներիդ հետ։ Եթե` այո, ուրեմն շատ մեղք ես։ Թեև ի՜նչ եմ զարմանում, ասված է, չէ՞, նմանն զնմանին գտանէ… Թե չէ, ընդդիմադի՜ր, հզո՜ր, մարտահրավե՜ր… Դու այնքան ես կորցրել իրականության զգացումը, սթափ մտածելու ունակությունը, քեզ այնքան է կուրացրել չարությունդ, որ կաշիդ փրկելու համար պատրաստ ես կործանել մեր երկիրն էլ, պետականությունն էլ, ժողովրդին էլ։ Առիթը բաց չես թողնում նոր իշխանություններին մեղադրել ատելություն սերմանելու, ազգը պառակտելու, երկիրը վաճառելու մեջ, բայց դու ես արել ու անում այն, ինչում մյուսներին ես մեղադրում։ Եթե քեզ առաջնորդեր երկրի ու ժողովրդի ճակատագրի համար անհանգստությունը, դեռ կարելի կլիներ քեզ հասկանալ։ Բայց` չէ, քեզ առաջ մղող ուժը վրեժխնդրությունն է, թալանածը ամեն գնով պահելը, ճաղերի ետևում հայտնվելու վախը… Ժամանակին ասում էիր, որ տղամարդ ես, այն էլ` « միակը », դե տղամարդկություն ունեցիր ու մեղա արի, ասա, ժողովուրդ, շատ ղալաթ եմ արել, ներիր։ Մեկ էլ տեսար, ժողովուրդը մի քիչ մեղմացրեց իր վերաբերմունքը դեպի քեզ։ Բայց` չէ, դու այդ քայլին ընդունակ չես, որովհետև երբեք մեր ժողովրդին չես սիրել, հաշվի չես առել, չես գնահատել, նրա մեջ միայն ստրուկ ու հարստահարելու, թալանի աղբյուր ես տեսել։ Եվ այսօր, երբ ժողովուրդը մերժել է ամեն հինը, այդ թվում` քեզ, և արդարության հաղթանակ ու արդարադատություն է պահանջում, դու նրան թշնամի ես համարում։ Քո կռիվն ու վրեժն էլ ոչ միայն նոր իշխանությունների դեմ է ուղղված, այլև ժողովրդի ու նոր իրականության, այն իրականության, որտեղ մարդիկ ուզում են ապրել առանց ոտնահարված իրավունքների ու վիրավորված ինքնասիրության, առանց կորցրած ազգային ու մարդկային արժանապատվության։ Թվարկածս` պարզ, մաքուր, մարդկային արժեքներ են, որոնց դու հասու չես։ Այսօր քեզ ներկայացված են քրեական մեղադրանքներ, քեզ դատելու են քրեական հոդվածներով, բայց ինձ համար դու պետական հանցագործ ես և պիտի դատվես նաև պետական դավաճանության համար /հոկտեմբերի 27, մարտի 1 ու էլի/։ Թե’ մարդկային, թե’ երկնային արդարադատությունը դա են պահանջում։ Այդպես էլ պիտի լինի։
Քոչարյան Ռոբերտ, կյանքը հավերժ չէ, բոլորս էլ գնալու ենք։ Ամբողջ հարցն այն է, թե ինչը և ինչպես են հիշելու, հայհոյելու՞ են, թե ողորմի են տալու մեզ։ Դու կարո՞ղ ես ենթադրել, կամ գուցե գիտե՞ս, ինչպես են քեզ հիշելու…

Александр Саядян
(Visited 427 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: