«Որևէ մեկը չի կարող Հայաստանի հետ խոսել ուժի դիրքից». Նիկոլ Փաշինյանի պատասխանն ադրբեջանցու հարցին

Փարիզի Խաղաղության երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի ադրբեջանցի հարց է ուղղել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, Բախտիար անունով ադրբեջանցին հետաքրքրվել է՝ ինչպես են համադրվում Փաշինյանի «Արցախը Հայաստանն է» արտահայտությունն ու հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:

Խոսելով հակամարտության արմատների մասին՝ ՀՀ վարչապետը հիշեցրել է Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, նշել՝ նույն այդ շրջանում ադրբեջանցիներն ապահով կերպով լքեցին Հայաստանը: Փաշինյանը նշել է, որ ադրբեջանցու արտահայտությունը, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է», իրականությանը չի համապատասխանում:

«Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, որին տրված է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման մանդատը, և ձեր երկիրը մասնակցում է բանակցություններին: Եթե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք է, ապա ինչո՞ւ եք դուք բանակցություններ վարում նրա կարգավիճակը որոշելու համար: Մի՞թե դա տարօրինակ չէ»,- ասել է ՀՀ վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ստեփանակերտում հայտարարել է «Արցախը Հայաստան է», սակայն մեկ տարի է անցել այն հայտարարությունից, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար:

«Ես մեկ տարի շարունակ սպասել եմ, որ նմանատիպ մի բան կլսեմ Ադրբեջանի ղեկավարությունից: Ես անձամբ Ադրբեջանի նախագահին խնդրել եմ նմանատիպ հայտարարություն անել: Բայց, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ Զանգեզուրը` Սյունիքը, Ադրբեջանի մաս է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանն ադրբեջանական քաղաք է, իսկ Սևանy՝ ադրբեջանական լիճ»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրել է՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի շրջանները գրավելու մասին: Նա ընդգծել է՝ որևէ մեկը չի կարող Հայաստանի հետ խոսել ուժի դիրքից:

(Visited 53 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: