Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ «անցանկալի» դատավորին հեռացնելու համար. Hraparak.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով այսօր գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները: Hraparak.am-ի՝ կառավարության աղբյուրի փոխանցմամբ, վարչապետի մոտ կայացած ժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ներկա է եղել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել ուժայինների ղեկավարներին՝ հանձնարարելով ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ու իշխանության համար անցանկալի մյուս 6 դատավորներից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը հանձնարարել է ոստիկանությանը ևս ակտիվորեն ներգրավվել ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքագրելու գործին: Հրահանգված է ցանկացած գնով գտնել և ստեղծել միջոցներ, որոնք կդրդեն դատավորներին հեռանալ:

Այսօր քննարկվել են դատավորներին հրաժարականի հարկադրելու տարբեր սցենարներ, հանձնարարվել է չխնայել անգամ ՍԴ դատավորների ընտանիքներին, մերձավորներին ու ընկերներին: Եվ այս գործընթացի համակարգումը Նիկոլ Փաշինյանը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վրա:

Աղբյուրին հաջողվել է պարզել, որ բոլոր դատավորների նկատմամբ ուժայինների կողմից արտաքին գաղտնի վերահսկողություն է իրականացվում, բացի այդ նրանց տեղաշարժի բոլոր հնարավոր տարածքներն ու շփման միջոցները ևս վերահսկվում են տեսանկարահանող սարքերով:

Իշխանություններին ու անձամբ Փաշինյանին խիստ վրդովվեցրել է այն փաստը, որ Սահմանադրական դատարանի որևէ դատավոր մինչ այս պահը չի ներկայացրել հրաժարական՝ օգտվելով վաղաժամ կենսաթոշակի օրենքից: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է ուժայիններին իջեցված խիստ հրահանգը:

Աղբյուրը նշում է նաև, որ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ կառավարություն և հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակի այն:

https://www.tert.am/

(Visited 12 times, 12 visits today)
(Visited 105 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: