«Միայն մի տեղ կա, որ սպանեն` սուտ չեմ ասի. թատրոնն է». Այսօր ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի հիշատակի օրն է

«Միայն մի տեղ կա, որ սպանեն` սուտ չեմ ասի. թատրոնն է».

Այսօր ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի հիշատակի օրն է:

Խորեն Աբրահամյանը ծնվել է Երևանում 1930 թվականին։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ , Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն)։

1979–1984 թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995 թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985–1988 թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։

Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ.Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա.Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ.Շեքսպիրի«Կորիոլան»), Ավետյան (Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։

Աբրահամյան-կինոդերասանի հաջողությունը սկսվել է 1958 թ-ին նկարահանված «Առաջին սիրո երգը» կինոնկարում գլխավոր հերոսի՝ Արսեն Վարունցի դերակատարումով:

Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն։

Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։

Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի«Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և

այլ ստեղծագործություններ։ 2000 թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։

Ստորեւ ներկայացնում ենք Խ. Աբրահամյանի վերջին հարցազրույցներից մեկում արտահայտած նրա մտքերից մեկը. «Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն այսօր շատ է:

Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն:

Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա, որ սպանեն` սուտ չեմ ասի. թատրոնն է:

Բայց գիտես, ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես:

Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…»:

(Visited 199 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: