Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի. Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով Գրիգորյանի պաշտպանների բողոքը՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ չարձակելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

Պաշտպանները բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Միաժամանակ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին վարույթից հեռացնելու մասին: Ընթերցելով դատախազին բացարկ հայտնելու հիմքերն ու կարգը՝ նախագահող դատավորը նշեց. «Քննության առնելով բացարկի միջնորդությունը, լսելով դրա դեմ առարկությունը՝ ես՝ դատավոր Նարինե Հովակիմյանս, եկա այն եզրահանգման, որ միջնորդությունը պետք է մերժել՝ առանց անդրադառնալու դրա հիմնավորվածությանը, քանի որ սույն բողոքի շրջանակում դատարանը լիազորված է ստուգել միայն վիճարկվող դատական ակտի հիմնավորվածությունն ու օրինականությունը, հանդես չի գալիս իբրեւ քրեական վարույթ իրականացնող մարմին, հետեւաբար իրավասու չէ լուծել մեղադրողին հայտնված բացարկը»:

Նշենք, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ, պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին: Բացարկի հիմքում պաշտպանները դրել էին դատախազի կողմնակալության հարցը, ինչի դեմ վերջինս առարկել էր։

Միլենա Խաչիկյան

(Visited 32 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: