Համալսարանական նյարդավիրաբույժները 5 ժամից ավել տևած բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը

Համալսարանական նյարդավիրաբույժներ

Համալսարանական նյարդավիրաբույժները 5 ժամից ավել տևած բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը։ Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից օրերս հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում՝ բաց մուտքով վիրահատություն։

Տարեսկզբին հիվանդը շտապ օգնության մեքենայով գլխուղեղի կաթվածի կասկածով բերվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ և ախտորոշվել էր նշված զարկերակի անևրիզմայի պատռում և հեմոռագիկ ինսուլտ։ Նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանին և Լեռնիկ Գրիգորյանին հաջողվել էր կատարել պատռված անևրիզմայի ներանոթային օբլիտերացիա միկրոպարույրներով և փրկել հիվանդի կյանքը։

Ապա, ամիսներ շարունակ, պարբերական դինամիկ հսկմամբ հայտնաբերվեց, որ անևրիզման շարունակում է աճել և կա կրկնակի պատռման վտանգ։ Այդ կապակցությամբ որոշվեց կատարել անևրիզմայի վզիկի կլիպավորում նկարում ցույց տրված բաց վիրահատական մուտքով։

Գրեթե հինգ ժամ տևած վիրահատության արդյունքում կլիպավորվեց անևրիզմայի վզիկը, և այն այլևս չի կարող դառնալ կաթվածի պատճառ։ Կնոջ վիճակը լավ է, նա շուտով կվերադառնա իր բնականոն կյանքին։

Like this post? Please share to your friends: