ԿԵՂՏՈՏ ԱՆՑՅԱԼԻՆ ԴԵՌ ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԿԵՂՏՈՏ ԱՆՑՅԱԼԻՆ ԴԵՌ ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ
Վերապահում անեմ մի տասնյակ օրինավոր դատավորների և հիմնավոր անհանգստությունս հայտնեմ մյուսների՝ նոր իշխանության հանդեպ բացահայտ դրսևորվող այսօրվա թշնամական կեցվածքի առիթով, թե հեղափոխության ալիքն ինչու՞ մինչ օրս անկարող եղավ մաքրել, զտել դատական համակարգը: Անկարող եղավ այդ համակարգից դուրս շպրտել նրանց, ովքեր իրենց կենսագրության վրա անցյալի կաշառակերի և հանցագործի պիտակն ունեն: Չե՞ք նկատում, թե այդ դատավոր կոչվածներից ոմանք, կամ է՝լ հենց շատերը, ինչպես չեն կարողանում կտրվել իրենց նախկին դավադիր կապերից ու, խլուրդների նման, տակից, ներսից փորում, հա փորում են Հեղափոխությամբ կառուցվող Տան պատի հիմքերը: Հետաքրքիր է, ռոբից կամ սեռժից այդ կապվածությու՞նն է նրանց իներցիայի ուժը, թե՞ այն սին հույսը, որ անցյալը վերադառնալու է, և իրենք նույն կաշառակերներն են մնալու: Ե՛վ մեկը, և՛ մյուսը, թե չէ ինչու՞ են այդպես հաբռգած գործում:
Սրանք, որ փողով, ծանոթներով ավարտել են իրավաբանական ֆակուլտետը, հետո ռոբերտի ու սեռժի ձեռամբ ընտրվել (ներողություն) նշանակվել են դատավոր, երբևէ ժամանակ ու ցանկություն ունեցե՞լ են կարդալու հայ օրենսգիրների՝ Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի «ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԵՐԸ»։ Իրենց խուլ ականջներին օղ արե՞լ են, ասենք, Մխիթար Գոշի հորդորը. «Դատավորը պետք է լինի փորձառու, կրթված, իմաստուն, արդարամիտ, իմացող, բարի, համբերատար, անկիրք, բարեկամ, անկաշառ մարդ»:
«Անկաշառ»,-ասում է Մխիթար Գոշը:

Վայ ձեզ, կաշառքի մեջ լճացած, հղբացած, տասնամյակներով մշտապես Բաղրամյան 26-ից եկած հրահանգներով վճիռներ կայացրած, այդ հրամաններին զուգահեռ տրամադրված ամենաթողության հենքով ձեր բաժին կաշառքը վերցրած սրբապիղծ դատավորներ, որ արգելակ եք դարձել Նոր Երկրում Արդարադատություն հաստատելու ճանապարհին: Ձեզանից մեկը՝ Բալայան կոչվող մի դատավոր, այսօր էլ բացահայտ հանցանքի մեջ իրավացիորեն մեղադրվողի կալանքը կանխող քմահաճ վճիռներ է կայացնում: Դու՝ դատավոր կոչվածդ, ներքին իներցիայո՞վ ես այդ քայլին դիմում, թե՞ այսօր էլ շարունակում ես նախկին հանցագործ տերերիդ հրամանը կատարել:
Փաստերը ճչում են, թե տարիներով հայ երեխաներին իրենց մայրերից զրկած ու օտարներին վաճառած կաշառակերների տեղը բանտն է, բայց, ասենք, Բալայան ազգանունով մի ջահել դատավոր «գտնում է», որ չէ՝ այդ հանցագործը պիտի ազատության մեջ մնա: Երևի՝ ոչ առանց խրախուսանքի:
Փաստերը ԲԴԽ-ի բերանով ճչում են, որ երեք դատավոր պիտի հեռացվեն իրենց պաշտոնից, որովհետև նրանց պահվածքն այլևս անհարիր է ներկա պայմաններին, բայց ՍԴ-ի անդամ կոչվածները, որ անդամ բառը խորամանկորեն դատավոր բառով փոխեցին, իրենց ղեկավար աճպարար հրայրի հետ միասին ասում են՝ չէ, ԲԴԽ-ն սխալ է, մենք ենք ճիշտ: Դու՞ ես ճիշտ, երկրի կույրաղիք դարձած այ ՍԴ, թե՞ շարունակում ես քո քայքայիչ գործունեությունը՝ հլու-հնազանդ կորանալով նախորդ տերերիդ առաջ, որոնցից մեկը բանտում է, մյուսն է՝լ շուտով այնտեղ կլինի: Ամոթն ի՞նչ է, որ դուք այդպես էլ չունեցաք:

Փաստերը ճչում են, թե ՍԴ-ի հրայր կոչված ղեկավարը կեղծել է իր կենսագրությունը (մի՛ ալարեք, նայեք ՍԴ կայքում դրված նրա կենսագրության տարեթվերը), կեղծ ճանապարհով տիրացել է այդ աթոռին, բայց Նոր Երկրի Նոր Ազգային ժողովի ջահելները շարունակում են նրա հետ մուկ ու կատվի խաղ խաղալ՝ բնավ անհարմար չզգալով, որ իրենք կոշտ ու արհամարհական պատասխան են ստանում ՍԴ-ից:
Չհասկացանք, այդ Ազգային ժողո՞վն է բարձրագույն մարմին, թե՞ կեղծիքների օրրանն ՍԴ-ն: Տասնյակ չարաշումներ է ունեցել այդ հրայրը, որ, որպես հանցագործ, պիտի ենթարկվի պատասխանատվության, անկախ այն բանից, թե նա հիմա ինչ կառույց է ղեկավարում: Փոխանակ ա՛յս ուղղությամբ տարվի այդ հրո կոչվածի դեմ քննությունը, հլա մի հատ էլ պատրաստվում են հարկատուների հաշվին նրան ու մյուսներին պատվավոր թոշակի ուղարկել: Բա որ հանկարծ մինչև հունվարի 31-ը գործող վաղ կենսաթոշակի վերաբերյալ օրենքից բռնեն ու գնա՞ն թոշակի, ու հրոն էլ շարունակի իր ծուռ դեմքով քմծիծաղի՞ ԱԺ-ի էլ, մարդկանց վրա էլ, ում հաշվին ապրելու են այդ ավազակ տականքն ու նրա մանկլավիկները:

Ա՜յ քեզ ԱԺ, ա՜յ քեզ իրավապահ մարմիններ, որ զգուշանում են դրան պատասխանատվության կանչել: Նման զգուշավորումների արդյունք չէ՞ այն, որ դատախազության քթի տակ Ռուսաստան է փախչում 27-ի կեղծ դատավարության հիմնական վկա Ուզունյանը: Ձեր քթի տակ փախան ու չեն գալիս քանի՜ հանցագործներ, որոնց մեղքը հազարներով է չափվում: Զարմանալի չէ՞, որ գլխավոր դատախազը փաստեր է վկայում, թե հանցագործ ռոբի տղայի բանկային հաշվին միայն մեկ տարում 16 միլիոն դոլար է մուտքագրվել, իսկ այդ տղան քամահրանքով պատասխանում է, թե՝ աշխատել ենք: Բա էլ ի՞նչ գլխավոր դատախազ, որ կուլ տվեց այդ քամահրանքը, այդ ծաղրը:
Այսպես վախվխելով՝ դատական համակարգ փոխել չի լինի, այ օրենդիր ու իրավական կառույցի ղեկավարներ: Սթափվե՛ք:

Հիշեք դուք, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, քանի դեռ դատական համակարգը հիմնովին չի վերակառուցվել, ու միայն ազնիվ ու մաքուր կենագրության դատավորներ չեն եկել՝ աջակից որպես այս նոր իշխանությանը: Հեղափոխությունը չի ավարտվել, քանի դեռ մարտիմեկյան ոճրագործությունների վկաները սպանվում են՝ իբր ինքնասպան լինելով: Դժվա՞ր է հասկանալ, որ մարդակեր ռոբը կալանավայրից շատ ավելի է վերահսկում իրավիճակը, շատ ավելի ուժեր է հավաքում, որ իշխանության դեմ պայքարն ավելի՛ կոշտացնի: Այդ վրիժառուն չի խորշում անգամ ո՛չ միայն Նիկոլին, այլև մեր երկիրն ամբողջովին վարկաբեկելու քայլեր կատարել: Անգամ նրա դոլարների փայլից կուրացած կեղծ օգտատերեր են հայտնվում համացանցում, որոնց վարկաբեկիչ ինֆորմացիան անմիջապես տարածվեց Ադրբեջանում, Իրանում, Միջին Արևելքի երկրներում, իբր Նիկոլը ողջունել է ԱՄՆ-ի նախագահի թշնամական քայլերն Իրանի դեմ: Սա չի՞ նշանակում, որ ռոբն իր կաշին փրկելու համար պատրաստ է վաճառքի հանել Հայաստան երկիրը: Ձերբակալեցին, հասկանալի է այդ տականքին, բայց հիմա շատ կարևոր է տարբեր լեզուներով ժխտել այդ ինֆորմացիան: Դրվատեմ ԱԱԾ-ի քայլերը, բայց, կարծում եմ, դեռ շատ ջանքեր պիտի թափել՝ թշնամական այդ ցանցն ամբողջովին մեկուսացնելու, որ այդ մետաստազները չբազմանան, չտարածվեն:

Ես իմ այս անհանգստությունը փոխանցում եմ ներկա իշխանությանը, որին հավատում եմ:
Ես իմ այս անհանգստությունը փոխանցում եմ նաև Նիկոլ Փաշինյանին, ում անվերապահորեն հավատացել ու հավատում եմ, ում ջանքերը գնահատում եմ: Եվ Փաշինյանին նույնպես սա ասում եմ, հավելելով.
-Սիրելի վարչապետ, մենակով սկսեցիր Քո՛ շարժումը, Մե՛ր շարժումը, ու հետո բյուր համակիրներ ունեցար, բայց արդեն բավական է, որ դու միայնակ կրես այդ մեծ ծանրությունը: Իսկ որ միայնակ ես աշխատում, միայնակ ես պայքարում ընդհատակ, քաղաքական ճահիճ ընկած, բայց նենգ դավերի, բիրտ պայքարի լծված անցյալի մնացուկների դեմ, ցավալի փաստ է: Թավիշը, սիրելի վարչապետ, դատավորների համար չէ այսօր, չե՞ք տեսնում, թե նրանք ինչ եզային համառությամբ են պայքարում նոր իշխանությունների դեմ:
Մեր վաղվա օրվա հավատով՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Like this post? Please share to your friends: