Իմացա, որ Ղարաբաղից եկած զինվորականների մեջ էր նաև նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տղան․ Ուշագրավ մանրամասներ

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով վկա Հ․ Ա-ի ցուցմունքը։

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների օրերին ԼՂՀ ՊԲ ծառայողները տեղակայվել են կենտրոնական հավաքակայանում։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- 2008թ․ փետրվարի վերջերին՝ 24-ին կամ 25-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանի հրամանատար Անդրանիկ Հակոբյանը, որը մահացել է 2017թ․, հավաքակայանի բոլոր աշխատակիցներին հավաքեց և ասաց, որ Ղարաբաղից զորք է գալիս, ովքեր պետք է տեղակայվեն մեզ մոտ և կենտրոնական հավաքակայանի զորանոցներում։

Նա հրահանգավորեց, որ կարգի բերեն զորանոցները, ավելացնեն մահճակալները, սպիտակեղենները պատրաստեն, հանձնարարեց ճաշարանի պետին և պահեստապետին կազմակերպել նրանց սննդի հարցը։ Անդրանիկ Հակոբյանը մեզ չասաց, թե Ղարաբաղից զորքն ինչի համար է գալիս Երևան։

Նշված խոսակցությունից մեկ օր հետո, սակայն, ժամը 04․30-ի սահմաններում «Սատկո» մոդելի ավտոմեքենաներով կենտրոնական հավաքակայան հասավ Ղարաբաղից եկած զորքը։ Նշված ավտոմեքենաների քանակը 10-ից ավելի էին, դրանց վրա տեղադրված էին ՊԲ համարանիշեր։

Այդ ավտոմեքենաներից իջան 200-300 զինվորական «նատովկա» տեսակի հագուստով, առանց ուսադիրների զինծառայողներ, ովքեր կլինեին 30-50 տարեկան։ Նրանք իրենց վերը նշված ավտոմեքենաներից դատարկեցին զենքերը, որոնց մեջ ես տեսա «ԱԿ» տեսակի ինքնաձիգեր, «ՊԿ», «ՌՊԿ» տեսակի գնդացիրներ։

Նշված զենքերը նրանք պետք է տեղափոխեին իրենց հատկացված զորանոց, և իրենք էլ տեղակայվեցին այնտեղ։

Նշված ավտոմեքենաների հետ եկավ նաև սև գույնի «Ջիպ» տեսակի ավտոմեքենա, դրա միջից իջավ 55-60 տարեկան, լիքը մարմնակազմությամբ, 170-175 սմ հասակով, «նատովկա» տեսակի զինվորական հագուստով, առանց ուսադիրների մի տղամարդ, և խոսակցություններից լսեցի, որ նա գեներալ է, քանի որ, երբ նրա ավտոմեքենան կանգնեց, Ղարաբաղից եկած զինծառայողները ասացին՝ «գեներալը եկավ»։

Նշված գեներալի տվյալները չգիտեմ, նա գալուց հետո մեր հրամանատարի հետ ստուգեց զորանոցները, որից հետո, համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, հեռացավ հավաքակայանից։ Ղարաբաղից եկած զորքի գալուց մոտ 2-3 ժամ հետո նրանց եկած ավտոմեքենաների վրայից նրանք հանեցին ՊԲ համարանիշերը և դրա փոխարեն տեղադրեցին ՊՆ համարանիշեր։

Ղարաբաղից եկած զորքի հավաքակայանում գտնվելու ժամանակահատվածում մեր հրամանատար Անդրանիկ Հակոբյանը մեզ ասում էր, որ Ղարաբաղից եկած զինվորականների հետ շփում չունենանք, ասում էր, որ հեռու մնանք նրանցից։

Ղարաբաղից եկած զինվորականները խոսում էին Ղարաբաղի բարբառով։ Զորքի հավաքակայան գալու օրը՝ առավոտյան, հրամանատարն ասաց, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանով պաշտպանության նախարարության ամբողջ անձնակազմը պետք է գտնվի զորանոցային վիճակում, ինչից հետո ամբողջ անձնակազմը, այդ թվում նաև կենտրոնական հավաքակայանի աշխատակիցները մինչև 2008թ․ ապրիլի վերջը գտնվել են զորանոցային վիճակում։

Ղարաբաղից եկած զինվորականները, գալու հաջորդ օրվանից սկսած, հավաքակայանի պլացում կատարում էին զորավարժություններ, իրականացնում էին հարձակումներին դիմակայելու իմիտացիոն իրավիճակներ, նրանց մի մասը իրար հպված կանգնում էին, իսկ մյուս մասը հարձակվում էր և փորձում նրանց միջից անցնել։

Իրար հպված կանգնած զինծառայողները փորձում էին ցրել իրենց վրա եկած զինծառայողներին և առաջ շարժվել։ Ղարաբաղից եկած զորքի հետ կային նաև բժիշկներ, որոնցից մեկը, իմացա, որ ծառայում էր Ղարաբաղի «Ցոր»-ի զորամասում։

Իմացա, որ նրանց թիկունքի պետի անունը Մասիս էր, նա գնդապետ էր, ինքն անձամբ մեր հավաքակայանի ավագ ենթասպա Յուրա Խաչատրյանից ստացավ զորքին տրամադրված սպիտակեղենը։

Նրանց միջից իմացա նաև, որ փոխգնդապետի կոչումով մի տղամարդու մականունը Կանդազ էր, ընդհանուր խոսակցություններից իմացա, որ նրա քիթը խոզը կերել էր։ Զորքի գալուց 3 օր հետո տագնապի ազդանշան եղավ, ինչից հետո Ղարաբաղից եկած զինվորականների մի մասը նստեցին իրենց 3 «Սատկո» տեսակի ավտոմեքենաները և դուրս եկան հավաքակայանից, իմացա, որ նրանք գնալու են Երևան քաղաքի մեջ։

Այդ ավտոմեքենաներով գնացած զինվորականները այլևս չվերադարձան հավաքակայան։ Ամեն օր երեք անգամ մեր հավաքակայանի աշխատակիցները սնունդ էին տանում հավաքակայանից հեռացած նշված զինվորականների համար։ Սնունդ տանում էր հիմնականում մեր պահեստապետը՝ Կարո Ղարիբյանը, նրան օգնում էին նաև Ղարաբաղից եկած զինվորականները։

Կարոն ինձ ասել է, որ հավաքակայանից 3 ավտոմեքենաներով դուրս եկած զինվորականները տեղակայվել են ՀՀ կառավարության շենքում, և ինքը նրանց սնունդը ամեն օր տանում է այնտեղ։

Այդ ժամանակ հավաքակայանում գտնվող Ղարաբաղից եկած բոլոր զինվորականներին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրվեց ՀՀ պաշտպանության նախարարության համազգեստ, ինչից հետո նրանք սկսեցին կրել նշված համազգեստը։ Դրանից հետո տեղի ունեցան Մարտի 1-ի իրադարձությունները։

Նշված իրադարձությունների ժամանակ Ղարաբաղից եկած զինվորականները հավաքակայանից դուրս չեն եկել և մշտապես գտնվել են հավաքակայանում։ Ես իմացա, որ Ղարաբաղից եկած զինվորականների մեջ էր նաև նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տղան, որի անունը չգիտեմ։

Ղարաբաղցի բոլոր զինվորականները ասում էին, որ նա Սեյրան Օհանյանի տղան է, մեկ անգամ ինքը նույնպես մեր հրամանատար Անդրանիկ Հակոբյանին ասաց, որ Սեյրան Օհանյանի տղան է։ Սեյրան Օհանյանի տղան ուներ լեյտենանտի կոչում, և, ինչպես հասկացա ընդհանուր խոսակցություններից, նա հանդիսանում էր դասակի հրամանատար։

2008թ․ մարտի կեսերին Սեյրան Օհանյանի տղան մի խումբ զինվորականների հետ վերադարձավ Ղարաբաղ։ Մարտի կեսերին մեկ անգամ ես նույնպես սնունդ տարա հավաքակայանից 3 ավտոմեքենաներով հեռացած զինվորականների համար։

Սնունդը տարել եմ ՀՀ կառավարության շենք, այնտեղ եմ մտել հետնամասով և սնունդը բարձրացրել 2-րդ հարկ։ Զինվորականները գտնվում էին 2-րդ հարկում, նկատեցի պատերի տակ քնապարկեր, որոնց մեջ, ըստ երևույթին, նրանք քնում էին։ Սնունդը տալուց հետո հեռացել եմ այնտեղից։

Այդ ընթացքում հավաքակայանում գտնվող զինվորականները ժամանակ առ ժամանակ 3-4 հոգով դուրս էին գալիս հավաքակայանից, գնում կենտրոն և վերադառնում հավաքակայան։ Որքանով որ հասկացել եմ՝ նրանք գնում էին քաղաք՝ ժամանակ անցկացնելու, քանի որ լինում էին դեպքեր, որ դուրս էին գալիս նաև քաղաքացիական հագուստով։

Մարտի կեսերին հավաքակայան եկավ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, հավաքեց Ղարաբաղից եկած զինվորականներին և նրանց ասաց, որ տեղեկություններ է ստացել, որ նրանք Երևան քաղաքում իրենց անպարկեշտ են պահում, խմում են, հայհոյանքներ են տալիս փողոցներում։

Նա խնդրեց, որ իրենց պահեն զինվորականին վայել, ասաց, որ սպասեն հրամանի, իրենց, անհրաժեշտության դեպքում, կասեն, թե ինչ անեն։ Նշված զինվորականները իրենց ավտոմեքենաներով հավաքակայանից հեռացան 2008թ․ ապրիլի վերջերին։ Նախքան հեռանալը նրանք կրկին փոխեցին ավտոմեքենաների համարանիշերը՝ հանեցին ՊՆ համարանիշերը և տեղադրեցին ՊԲ համարանիշեր։

Նրանց հեռանալուց հետո հավաքակայանի ամբողջ անձնակազմը սկսեց կարգի բերել հավաքակայանը, որպեսզի այն պատրաստ լիներ ամառային զորակոչին։ Ղարաբաղից եկած զորքը կազմված էր սպաներից և պայմանագրային զինծառայողներից, ինչը իմացել եմ ընդհանուր խոսակցություններից։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե ԼՂՀ ՊԲ ծառայողները ինչ նպատակով էին եկել Հայաստան և տեղակայվել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում։

Պատասխան- Ես տեղյակ չեմ, նրանցից մեկ-երկուսին հարցրել եմ, թե ինչի համար են եկել Հայաստան, նրանք կարճ պատասխանեցին, որ իրենց հրաման են տվել գալ Հայաստան, իրենք էլ եկել են։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե ով էր ղեկավարում ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղակայված ԼՂՀ ՊԲ ծառայողների գործողությունները։

Պատասխան- Ընդհանուր ղեկավարումը չգիտեմ, թե ով էր կատարում, Կանդազը ղեկավարում էր իր վաշտի գործողությունները, ինչպես հասկացա, ամեն վաշտ ուներ իր հրամանատարը, որն էլ ղեկավարում էր նրանց։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղակայված ԼՂՀ ՊԲ ծառայողներին հավաքակայանի զինանոցից կամ ՀՀ ՊՆ զորամասերի զինանոցներից զենքեր տրվե՞լ են, թե՞ ոչ։

Պատասխան- Նրանց հավաքակայանի զինանոցից կամ ՀՀ ՊՆ զորամասերի զինանոցներից զենքեր չեն տրվել, ինչպես արդեն նշեցի՝ նրանք իրենց զենքերն իրենց հետ բերել էին։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղակայված ԼՂՀ ՊԲ ծառայողները հավաքակայանում գտնվելու ընթացքում ֆինանսավորվե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ւմ կողմից։

Պատասխան- Տեղյակ չեմ, թե նրանք ֆինանսավորվել են, թե՝ ոչ։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե Ձեր անձնակազմը հավաքակայանում տեղակայված ԼՂՀ ՊԲ ծառայողների հետ առնչվո՞ւմ էր, թե՞ ոչ, վերջիններս ԼՂՀ ՊԲ ո՞ր զորամասերի ծառայողներ էին։

Պատասխան- Մեր հրամանատարի պահանջով, հավաքակայանի բոլոր աշխատակիցները հեռու էին մնում նրանցից և չէին շփվում նրանց հետ։ Ինչպես հասկացել եմ ընդհանուր խոսակցություններից, նրանք ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերից էին, իմացա միայն, որ նրանց հետ եկած բժիշկը ծառայում էր ԼՂՀ ՊԲ «Ցորի» զորամասում։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Like this post? Please share to your friends: