Ես հավատում եմ Աննա Դանիբեկյանին՝ նա ձեզ նման դոլարների խաթեր սուտ ու կեղծիքի հետևից չի ընկնի: Դատավոր եմ ասել, Է՜. ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

ԵՐԿՈՒ + ՀԻՆԳ ՓԱՍՏԱԲԱՆ
Որ դատական համակարգը Նոր Հայաստանում լուրջ վիրահատության կարիք ունի, փաստ է: Այդ նույնը հանգիստ կարելի է ասել նաև փաստաբանական հանրությանը՝ բացառությամբ մի քանիսի, ովքեր իրոք կրում են ազնիվ փաստաբանի տիտղոսը: Կարող եմ այդ մի քանիսի անունները տալ՝ սկսած Սեդա Սաֆարյանից, վերջացրած Արտակ Գալստյանով: Բայց ոմանց արժանիորեն պիտակավորելիս պիտի հիշենք «Կարմիր կովը կաշին չի փոխի» ժողովրդական ասացվածքը: Իմ այս մտահոգությունը օրերս հաստատեց նաև ԱԱԾ-ն՝ փաստաբանների պալատի երկու անդամների կողմից առանձնակի խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք բացահայտելով: ԱԱԾ աշխատակիցները նկարահանել են, թե ինչպես են փաստաբանները վերցրել գումարը: Փաստաբաններից մեկի գրասենյակում 6 հազար 800 ԱՄՆ դոլար է հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել:
Փաստաբանները ձերբակալվել են, և ըստ ԱԱԾ-ի, որպես կասկածյալ, հարցաքննվելուց հետո խոստովանել են կատարած հանցագործությունը:
Անշուշտ, փաստաբանն իր ծառայության դիմաց վճարվում է, բայց կաշառքի դիմաց փաստեր կեղծելն արդեն այլ բան է՝ քրեական հանցագործություն:
Ի տարբերություն այն կաշառակեր երկուսի, քոչարյան ռոբի փաստաբանները դատարանում ամբաստանյալին պաշպանում են առայժմ իրենց ստացած վճարների դիմաց:
Նախորդ այն երկուսը փաստերի կեղծումով են կաշառքի տիրացել: Իսկ այս հինգը մեղադրյալ քոչարյան ռոբին նույնպես կեղծիքներով են պաշտպանում, իրավաբանական ծառայություն են մատուցում՝ ալամ աշխարհի կեղծ տեղեկատվությունը տարածելով: Սրանց արածն առայժմ չշտապենք կաշառակերություն անվանել, բայց դե սուտ վկայություններով ամբաստանյալին պաշտպանելը նույն կեղծիքն է, չէ՞: Իսկ որ այս հինգի վկայությունները ոտքից գլուխ կեղծիք են, դա աներկբա է:
Բազում վկաներ ասում են Ղարաբաղից զորք է բերվել — սրանք ասում են՝ չէ, չի բերվել:
Բազում վկաներ ասում են մարտի 1-ից օրեր առաջ քոչարյանը Ղարաբաղից բերած զորքի հրամկազմի ու ոստիկանության ղեկավարության հետ խորհրդակցություն է հրավիրել, հլա խորհրդակցություններից մեկին էլ չներկայացած Մանվել Գրիգորյանի հասցեին ասել է՝ «Ես դրա մաման կլացացնեմ» — սրանք ասում են՝ չէ, չի եղել նման բան:
Բազում վկաներ ասում են, որ այդ զորքը տեղակայված է եղել Բաղրամյան 26-ի ու կառավարության շենքի առաջին հարկերում. նրանց զինել են, կերակրել, կեցությունն ապահովել – սրանք ասում են՝ չէ, նախագահը տեղյակ չի եղել, և հերյուրանք են այդ բոլորը:
Բազում վկաների ցուցմունքներով, փաստահավաք խմբի կուտակած վիթխարի նյութեր ապացուցում են, որ մարտիմեկյան ոճրագործությունը քոչարյան ռոբի կազմակերպածն է, որ հրապարակում հազարավոր պարկուճներ կային – սրանք ասում են՝ չէ, ժողովրդի վրա կրակող չի եղել:
Բազում վկաների ցուցմունքները, դրան գումարած դատարանում արդեն քանի՜ ամիս իրենց բացվելուն սպասող այն 80 հատոր մեղադրականներն ապացուցում են, որ քոչարյան ռոբը հանցանք է գործել ու քրեական հանցագործ է – սրանք ասում են՝ չէ, «մեր սրբության սրբոց» պաշտպանյալը հալածվում է որպես քաղբանտարկյալ:
Սրանք սուտ վկայություն չեն, բա ի՞նչ են: Հիմա այս հինգ փաստաբանն ինչո՞վ են տարբերվում ձերբակալված այն երկու փաստաբանից, որոնք փաստեր կեղծելու ճանապարհով կաշառք են վերցրել: Առայժմ միայն նրանո՞վ, որ նրանց ստացածը կաշառք է, իսկ սրանցը հոնորա՞ր, այն էլ ի՜նչ հոնորար՝ հաստատ այն երկուսի վերցրած կաշառքից ավելին:
Առայժմ ա՛յս է այս հինգի տարբերությունը վերը նկարագրած երկուսից: Այս վերջինները շա՜տ են վախենում, որ եթե բուն դատաքննությունը սկսվի, իրենց կեղծ տեղեկատվությունները դառնալու են փուչիկներ ու պայթելու են: Միայն դա չէ, բա հոնորարի աղբյու՞րը: Մեկեն կկտրվի, չէ՞: Ու եզան համառությամբ դատական ամեն նիստի գալու են մի նոր միջնորդությամբ, որ ձգեն, ձգձգեն, հետաձեն բուն դատաքննությունը:
…Անմեղության կանխավարկածի դեմ հնազանդ մնալով՝ այն երկու փաստաբանի մասին ասեմ, որ, այս հինգի համեմատ, նրանց վիճակն ավելի բարվոք է՝ ընդամենը կաշառքի մեղադրանք կարող է լինել: Բա այս հի՞նգը… սրանք Հայաստանի ժողովրդի՛ն են դավաճանում, երբ դոլարների խաթեր քափ ու քրտինք երեսներին՝ հանցագործ են պաշտպանում:
«Փաստաբան ենք, մեր գործը պաշտպանելն է»,-կհակադարձեն սրանք: Բա էն թրքախոս Սահակյան փաստաբանին չասե՞ս, թե Պողոս Պողոսյանի իրավահաջորդների պաշտպանն էիր, էդ ինչպե՞ս եղավ, որ ռոբերտ քոչարյանի խաթրու բոլորովին ուրիշ ուղղությամբ տարար քո, այսպես ասած, կեղծ պաշտպանությունը:
ժողովուրդը, որի անեծքը, թուք ու մուրը, որ հիմա ուտում են էդ տխրահռչակ հինգ փաստաբանը, նրանց հետապնդելու են իրենց կյանքի հետագա բոլոր տարիներին: Սրանից ավելի մեծ պատի՞ժ: Այնպես որ, ռոբի պաշտպաններ, ձեր հինգի վիճակն ավելի ողբերգական է, քան այն երկուսինը:
…Ես հավատում եմ Աննա Դանիբեկյանին՝ նա ձեզ նման դոլարների խաթեր սուտ ու կեղծիքի հետևից չի ընկնի: Դատավոր եմ ասել, Է՜, Աննա Դանիբեկյան ջան, էդ մուրճդ խփիր սեղանին ու ասա.
-Վերջ ձեր դատաֆարսին, սկսում ենք բուն դատաքննությունը:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

(Visited 52 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: