Արարատի մարզպետն իրեն և 15 անձանց պարգատրել է 104.5% դրույքաչափով

Արարատի մարզպետն իրեն և 15 անձանց պարգատրել է 104.5% դրույքաչափով

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս անմասն չի մնացել իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին պարգևատրելուց: Թեև պարգևատրումը օրենքով նախատեսված խրախուսման միջոց է, սակայն Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկերները, հայտնում է Hetq.am-ը: Նա 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգատրել է 104.5% դրույքաչափով: Հավանաբար գումարի չափն աչք «չծակելու» համար չի նշվել կարգադրության մեջ: Մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրությունը հիմնավորել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ կետով: Մինչդեռ, օրենքի հենց այդ դրույթում բոլորովին այլ բան է ասված. «Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի հայեցողությամբ տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ»: Օրենքը նախատեսում է պարգատրում մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով, մինչդեռ մարզպետ Սարգսյանը պարգատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5%-ի չափով: Օրինակ՝ Կոտայքի մարզպետի կարգադրությամբ 1-ին կարգի, առաջատար և գլխավոր մասնագետները պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով, իսկ ղեկավար անձնակազմը՝ 87%-ի չափով, Արմավիրում՝ մարզպետը պարգատրվել է 100%-ի չափով, իսկ տեղակալները, խորհրդականը, օգնականը՝ 57%: Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգատրվել է 552,930 դրամ և այլն:

(Visited 77 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: