Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի․ Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազ

Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի․ Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազի առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։

Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝ Սիփան Շիրազը, պոետ էր։

Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին Հայ գրականության լավագույն նմուշներից։

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։

Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։

Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի 10 ամենահայտնի մտքերը, որոնք տակնուվրա կանեն հոգին։

1. Երիտասարդ հասակում գործիր այնպես, որ ծերությունը անսնունդ չմնա։

2. Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բացի մարդու կոտրված սրտից։

3. Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի։

4. Ամենահասարակ թվացող բառն էլ հրաշք է, եթե տեղին գործածես։

5. Միակ արդարության ոսկե կշեռքը ժողովուրդն է։ Քննադատը մի անցք է, ժողովուրդը վիթխարի մաղ, երկնամաղ։ Ժողովրդի մտքի «անմշակ» հանճարն է, որ երբեք չի սխալվում:

6. Ինչպես կաղնի ծառն սկսվում է հողից, այնպես էլ պոեզիան սկսվում է հայրենի խրճիթից:

7. Կինն ինչ էլ լինի, մոր վատը չկա:

8. Մեր լեզուն մեր ազգի բոլոր գրողների բառապաշարի միասնությունն է։ Ամեն մի մեծ գրող մի հորդառատ գետի է նման, և բոլորը միասին, տարբեր լեռնաբարձունքներից գալով, ստեղծում են ծով-մայրենին:

9. Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր ըղձանքների անսահման դաշտերում էլ:

10. Իսկական բանաստեղծի գլուխը սրտի մեջ է։ Սրտի գործն է սրտերը մտնում:

Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր։

Երբ գրկում եմ բալիկներիս, Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս, Ձեզ եմ գրկում հայ գալիքներ։
Կուզեմ դառնան տիեզերքիս, Աստղերը ձեզ խաղալիքներ։

(Visited 112 times, 2 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: