100-ից ավելի Ձմեռ պապիկներ Գյումրիում. կախարդական գավազանով վառեցին գլխավոր տոնածառի լույսերը (լուսանկարներ)

Փոքրիկ ձմեռ պապիկները նախ հավաքվեցին Գյումրիի Աբովյան փողոցում: Շատ կարեւոր առաքելություն ունեին: Իրենց ձեռքում էին պահում քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու գավազանը:

Հսկա այդ գավազանով փոքրիկները, ճեղքելով մեքենաների շղթան եւ մարդկանց շարքերը,  անցան ամբողջ Վարդանանց հրապարակն ու հաջողությամբ հասան Գյումրու քաղաքապետարան: Այնտեղ բոլորին սպասում էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա էլ միացավ փոքրիկ Ձմեռ պապիկներին եւ միասին քայլեցին դեպի տոնածառը: Այնուհետեւ՝ հետհաշվարկ, եւ գավազանն իր գործն արեց: Հրավառությամբ ու տոնական տրամադրությամբ վառվեցին տոնածառի լույսերը:

Նման հրավառություն Գյումրիում կլինի նաեւ հունվարի 1-ին: «Այս Ամանորի խորագիրն է «Իմ սեր Գյումրի»: Ուզում եմ բոլորիդ շնորհավորել, մենք սիրում ենք մեր քաղաքը, սիրուն տոնական լուսավորություն ունենք, եւ սա ձեզ համար է: Բոլորիդ ցանկանում եմ, որ լինեք  երջանիկ ու ուրախ: Աննախադեպ հաջողություններ ունեցանք 2019-ին, 2020-ին ավելի շատ գործ ենք անելու, ունենալու ենք շատ-շատ հյուրեր, եւ Գյումրին որպես սպորտային եւ մշակությային քաղաք իսկապես իր ուրույն  տեղն է զբաղեցնելու հանրապետությունում»,- ներկաներին դիմեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Այս Ամանորին Գյումրիում աննախադեպ ոգեւորվածությամբ եւ բարձր տրամադրությամբ են պատրաստվում: Դեռ նոյեմբերից էր սկսվել քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքը: Այն այս տարի  ներկայացավ նոր ձեւավորմամբ: Մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման եւ դեկորների վերանորոգման համար համայնքի բյուջեից հատկացվել է մոտ 3 մլն դրամ: 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի զարդարանքների համար ծախսվել է 900.000 դրամ: 10 մլն դրամ էլ հատկացվել է հիմնանորոգված փողոցների տոնական ձևավորման համար:

 

 

 

(Visited 57 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: