Հաղորդագրություն Արցախից. ի՞նչ է ասել Արայիկ Հարությունյանը

Հաղորդագրություն Արցախից. ի՞նչ է ասել Արայիկ Հարությունյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել ԱՀ դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ։

Բարձր գնահատելով երկրում օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ կոռուպցիոն երևույթների բացահայտման գործում ունեցած հաջողությունները՝ Նախագահը նշել է, որ արդյունավետ փոխգործակցության սկզբունքով անհրաժեշտ է հետևողական կերպով շարունակել աշխատանքը՝ հանցագործության ցանկացած դեպքի մանրակրկիտ քննությամբ և պատժողական քաղաքականությամբ ապահովելով քրեական արդարադատության նպատակները, ներառյալ՝ նոր հանցագործությունների կանխումը:
Անդրադառնալով ներքին և արտաքին մարտահրավերներին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անկախ բոլոր տեսակի շահարկումներից՝ Արցախի իշխանությունների համար գերակա է մնում Արցախի ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացումն ու պաշտպանությունը սեփական հայրենիքում:
«Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ ընտրել ենք խաղաղության օրակարգը: Սակայն ինչպես նշել եմ անցած տարեվերջին իմ հայտարարության մեջ, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է»,- ասել է Նախագահը և ավելացրել, որ Արցախի իշխանություններն ամբողջությամբ հավատարիմ են մնում այն որդեգրած սկզբունքներին, որոնց հիման վրա անցած ավելի քան երեք տասնամյակներում պետականություն է կառուցվել:

(Visited 121 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: